IMG_8772

Գիտաժողով 7 նոյեմբերի 2015Թ


ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2015 թվականի նոյեմբերի 7-ին Ամստերդամի Ազատ համալսարանում տեղի ունեցավ գիտաժողով՝ «Չճանաչված երկրներ՝ ո՞րն է լուծումը» անվանումով: Գիտաժողովը կազմակերպել էր ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը: Դասախոսելու համար հրավիրվել էին համլսարանների դասախոսներ, Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր՝ Հարի Վան Բոմելը և Արցախի խորհրդարանի պատգամավոր՝ Արմեն Սարգսյանը: Նախօրեին Ադրբեջանի դեսպանությունը մեծ հակաքարոզչություն էր ծավալել գիտաժողովի դեմ և կառավարությանն ու խորհրդարանին սպառնալից բողոքներ էր ուղարկել Նիդերլանդների պատգամավորի մասնակցությունը խոչընդոտելու համար: Այս քայլը հակառակ արդյունքը ունեցավ Ադրբեջանի համար և գիտաժողովը մեծ ճանաչում ստացավ այս աննախադեպ գործողության պատճառով: Խորհրդարանը և կառավարությունը խստորեն դատապարտեցին Ադրբեջանի դեսպանի գործողությունները՝ այն որակելով, որպես խոսքի ազատության բռնությունների արտահանման փորձ:

Հարյուրին մոտ մարդ տեղավորող դահլիճը լեփ-լեցուն էր և հետաքրքրվողները եկել էին երկրի բոլոր ծայրերից: Ելույթների շարքը բացեց ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի անդամ Գևորգ Կարապետյանը: Նա խոսեց Ադրբեջանի վերջին շրջանի սանձարձակ գործողությունների մասին և հանրության բոլոր օղակների պարտականության մասին՝ իրավիճակի վրա ազդելու անհրաժեշտության վերաբերյալ: Հաջորդ ելույթ ունեցողը համալսարանի ժողովրդագրության բաժնի դասախոս՝ տիկին Կոմպանյենն էր, որը Արցախի հակամարտության գիտական վերլուծությունը կատարեց և խոսեց Կովկասի հարավում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակի մասին: Հարի Վան Բոմելը երրորդ դասախոսն էր, որն առաջին հերթին պատմեց իր տպավորությունների մասին՝ ամռանը Արցախ կատարած այցելության վերաբերյալ: Ականատեսի աչալուրջ աչքով նա կարճ ժամանակահատվածում ուսումնասիրել էր Արցախը և ուրույն պատկեր ներկայացրեց: Խնդիրը չափազանց բարդ համարելով նա համոզմունք հայտնեց, որ բավարար ջանքերի և կամքի շնորհիվ հնարավոր է գտնել դեպի կայուն խաղաղություն տանող ճանապարհը: Արմեն Սարգսյանը ներկայացրեց ամենավերջին իրավիճակը Արցախում. Նրա կարծիքով ամենակարճ ճանապարհը Արցախի հակամարտության լուծման համար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային ճանաչումն է: Բոլոր ելույթ ունեցողներին հարցեր տրվեցին դահլիճից: Երեկոն եզրափակեց ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի նախագահ՝ Մասիս Աբրահամյանը: Շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին, հատկապես Հարի Վան Բոմելից Արցախ կատարած այցելության համար, նա նշեց, որ բոլոր օղակներում և մակարդակներով պետք է լուծումներ գտնելու փորձեր արվեն: Նա ափսոսանք հայտնեց, որ Ադրբեջանական սփյուռքի որևէ ներկայացուցիչ այսօր չմասնակցեց այս գիտաժողովին՝ բաց թողնելով լավագույն առիթը երկխոսություն սկսելու:

Ընդհանուր առմամբ գիտաժողովը դիտվեց չափազանց հաջողված, քանի որ հատկապես երիտասարդ սերնդի հետաքրքրությունը և մասնակցությունը գերազանց էր: Հայ Դատի հանմձնախումբը շարունակելու է այս ջանքերը և ներդնելու է ամեն ինչ Արցախի հակամարտության կարգավորման ուղղությամբ:

ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատ հանձնախումբ

Լուսանկարներ

Լուսանկարչ՝ Marisha Shik